«Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ի տնօրեն Քրիստ Մանարյանը արձագանքել է «Իրատեսի» «Անկախ նրանից, նորոգվում է, թե չի նորոգվում, անհասկանալի է սեփականաշնորհման հարց բարձրացնելը» վերտառությամբ հոդվածին, ասելով, թե Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի ներքնահարկում տեղակայված «Ագուլիս» տիկնիկային թատրոնի տարածքի սեփականաշնորհման խոսքը բացել է միայն ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, որովհետև մշակույթի նախարարությունն այդպես էլ գումար չի գտել խոստացած վերանորոգման համար:
Մեր՝ «Սեփականաշնորհված տարածքը, տվյալ դեպքում` հուշատան ներքնահարկը, սեփականատերը կարո՞ղ է օգտագործել ինչպես կամենա» հարցին ի պատասխան՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ասել էր, թե որքան էլ հավատում է ու հիմքեր չունի չհավատալու որևէ մեկին, եթե սեփականաշնորհվի, սեփականատերն իրավունք ունի իր ուզած ձևով տնօրինելու տարածքը: Դրա համար շատ կուզենար, որ պայմանագիր լիներ, ու սեփականատերը միայն մի պարտավորություն ունենար. օգտագործողը տարածքն օգտագործեր որպես թատրոն: Քրիստ Մանարյանն այս մտավախությունը համարում է անհիմն: Մանրամասները պատասխան հրապարակման մեջ են: Կարո Վարդանյանից խնդրեցինք իր տեսակետը ներկայացնել հարցի շուրջ:
«Մի փոքր հեռվից գամ, երբ մենք խոսում ենք Դերենիկ Դեմիրճյանի մասին, և առիթը «Վարդանանքը» չէ, «Գիրք ծաղկանցը» չէ, կամ «Քաջ Նազարը», ուրեմն, ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան մտորելու, մտահոգվելու առիթ է տալիս»,- ասաց Կարո Վարդանյանը և հիշատակեց «Քաջ Նազար» թատերգության այն դրվագը, երբ սեղանակիցները Քաջ Նազարի մոտ սկսում են տրտնջալ հսկաներից. «Չեն ուզում իրենց աշխարհքը մեզ տան»: Քաջ Նազարը ջղայնանում է, թե քանի՞ գլխանի են, որ չեն ուզում «իրենց աշխարհքը» տալ: «Մի տեսակ այս կարգի անհեթեթ բան է ստացվում: Իհարկե, չենք տալու «մեր աշխարհքը» ոչ ոքի»,- եզրահանգեց ԳԱԹ-ի տնօրենը, նշեց նաև, որ վերջին հրապարակումից հետո կապվել է Քրիստ Մանարյանի հետ, եկել են համաձայնության, որ թատրոնը վերագործարկելու, նոր բեմադրություններ անելու համար այնքան էլ պարտադիր պայման չէ տարածքը սեփականաշնորհելը. «Ինքներս շատ ենք ուզում, որ թատրոնը վերսկսի իր աշխատանքը` միայն թե փոխադարձ համաձայնությամբ: Կառավարությանն առընթեր գույքի վարչությունը, կարծում եմ, որևէ առարկություն չի ունենա, որ կնքվի երկարաժամկետ անհատույց պայմանագիր»:
Սակայն թատրոնի անգործությունը պատճառաբանվում է համապատասխան պայմանների բացակայությամբ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան ԳԱԹ-ի տնօրենն ասաց, որ մինչև հիմա այդ պայմաններում են գործել. «Իհարկե, դրանք հեռու են իդեալական կոչվելուց: Բայց եթե խնդիր է դրվում հովանավոր, ներդրող գտնելու, ում միջոցով կբարելավվի տարածքը, կրկնում եմ, դրա համար ամենևին պարտադիր չէ տարածքը սեփականաշնորհել: Այս պահին այսքանը կարող եմ ասել»:
Հիմա կոմունալների մասին: Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ Կարո Վարդանյանը մի փոքր ակնարկ էր արել առ այն, որ իրենց վճար պետք չէ, նույնիսկ երբևէ չեն առաջարկել հոսանքի, ջրի չնչին գումարները վճարել, արտաբյուջետային միջոցներով են հոգացել: Քրիստ Մանարյանն իր հրապարակման մեջ ասել է, որ մայրը` Մերի Քեշիշյանն է բոլոր այս տարիներին զբաղվել թատրոնի ֆինանսական գործերով և ամեն ամիս լույսի, ջրի և հեռախոսի վարձավճարները առձեռն հանձնել են Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչին: ԳԱԹ-ի տնօրենն ասաց, որ Ք. Մանարյանի այդ հայտարարությունից հետո հրավիրել է և տուն-թանգարանի վարիչին, և հաշվապահին, նրանք հիշել են, որ տարիներ առաջ երկու-երեք նման դեպք եղել է. «Այդ 2-3 հազար դրամները բերել են հաշվապահություն, մուտք է արվել որպես այցելության տոմսերի վաճառք, և, բնական է, ամեն ամիս այդպես չէր կարող լիներ: Վճարները մենք ենք իրականացրել: Պայմանագիրը նաև դրա համար է պետք, որովհետև եթե նույնիսկ թատրոնը ուզենար ինքնուրույն հոգալ այդ ամենը, այդտեղ մի շարք իրավական, տեխնիկական խնդիրներ կան: Թատրոնը պետռեգիստրում գրանցված չէ, որպես իրավաբանական անձ չունի հասցե: Հաշվապահությունը մեկն է: Մեր հաշվապահությունից են այդ մուծումները կատարվում տասնամյակից ավելի: Եթե լինի պայմանագիր, այդ ժամանակ հնարավոր կլինի հաշվիչները առանձնացնել և վճարումները առանձին կատարել: Հիմա առանձնացված չէ, իրավունք էլ չունենք առանձնացնելու, որովհետև, կրկնում եմ, հասցեն մեկն է` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան»:
Զրույցի վերջում Կարո Վարդանյանն ասաց, որ եթե հարցնեին՝ ինչո՞ւ Երվանդ Մանարյանը չունի ժողովրդական արտիստի կոչում, ինքն էլ կասեր, որ դա մեծ անարդարություն է. «Նա ժողովրդական արտիստ է ոչ միայն այսօր, այլև տասը, քսան, երեսուն և ավելի տարիներ առաջ: Մնացածը շինծու, սարքովի հարցեր են: Երկուստեք մենք ունենք մեկ ցանկություն, որ «Ագուլիսը» գործի, ընդամենը պետք է իրավական հիմքերը կարգավորել»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ